Ջոն Հոլթ․ Կյանքի դպրոցը

Սովորեցրեք ձեր սեփականը

Կյանքի դպրոցը

Մի պատանի ընթերցող պերճախոս գրում է, թե որքան է ինքը սովորում իր կյանքից. «Ես սկսեցի հանրակրթական դպրոց գնալ հենց երկրորդ դասարանում, և յուրաքանչյուր դասարանում, մինչև վեցերորդը ես իսկական գերազանցիկ էի: Բոլոր ուսուցիչները շատ բարյացակամ էին իմ հանդեպ և գովում ու գովում էին միշտ իմ աշխատանքի համար, և ես լավ գնահատականներ էի ստանում, ու դա ստիպում էր ինձ դպրոց գնալ:

Երբ վեցերորդ դասարանում դպրոցից երկու տարով դուրս եկա, նոր իրականություն սովորեցի: Գնահատականները չէ, որ քեզ լավ մարդ են դարձնում: Ես շատ լավ հիշողություն ունեմ, այնպես որ հիշում էի բոլոր այն բաները, որոնք պետք է անեի, բոլոր թեսթերը, որոնք ինձ գերազանց գնահատականներ էին բերում: Բայց իմ փորձից հասկացել էի, որ երբ հետաքրքրված չեմ նրանում, ինչ ենթադրաբար պիտի սովորեմ, մոռանում եմ ամեն ինչ: Դժբախտաբար, ես հետաքրքրված չէի իմ կատարած և ոչ մի բանով, այսպիսով իմ հանրակրթական դպրոցի երկրորդից վեցերորդ դասարանները միանգամայն դատարկ էին:

Երկու տարում, առանց դպրոցական որևէ շփման, ես սովորեցի, թե ինչպես ապրեմ առանց գնահատականների և կարիք չունենամ, որ ինչ-որ մեկն ինձ «ապրես» ասի ամեն անգամ, երբ ես ինչ-որ բան էի անում: Այնպես ստացվեց, որ գնահատականներն այլևս արժեք չունեին: Ըստ էության, ես սովորեցի, որ գնահատականները ոչինչ չեն նշանակում:

Ես էլի շատ տարբեր բաներ սովորեցի, որոնք չէի սովորի, եթե լինեի հանրակրթական դպրոցներում: Հանրակրթական դպրոցները չեն կարող փորձառություն տալ: Ես սովորեցի մեծահասակների հետ ավելի լավ առնչվել ու շփվել, որովհետև այդքան ժամանակ նրանց կողքին էի. բոլոր երեխաները դպրոցում էին: Ես շատ գործնական հմտություններ սովորեցի, որոնք երբևէ չէի սովորի հանրակրթական դպրոցում:

Սկզբում ես չէի հարմարվում դպրոցում չլինելու մտքին, բայց շուտով հարմարվեցի և հասկացա, որ շատ էլ զվարճալի է: Երբ նայում եմ իմ տարիքի երեխաներին, ուրախանում եմ, որ արել ենք այն, ինչ արել ենք: Այսքան շատ բաներ անել կարողանալը զարմացնում է ինձ: Եվ այդ բոլորն այն պատճառով, որ ես ժամանակ ունեի սովորելու և սովորելու ընթացքում հաճույք ստանալու: Այսպես սովորածը մեխվում է իմ մտքում, և դեռ այնտեղ է, որովհետև ես դեռևս անում եմ նոր բաներ, մինչ այս երեխաները անում են բաներ պարզապես «անելու» համար և հետո մոռանում են դրանք, գումարած հաճույք չեն ստանում դրանից: Բա՜:

Լ- ում (այլընտրանքային դպրոց է, ուր նա հիմա հաճախում է) խնդիրն այն է, որ երեխաները չեն կարծում, թե իրենք սովորում են նույնքան, որքան հանրակրթական դպրոցի երեխաները, որովհետև իրենք, կարծես, չեն սովորում այդքան: Կարծում եմ՝ դա հիմարություն է, և ես ապացուցել եմ դա ինքս ինձ՝ տեսնելով, որ երկու տարով դպրոցից դուրս լինելով՝ ես ավելի հիմար չեմ, քան ցանկացած այլ (ենթադրյալ) իններորդցի: Հիմա, երբ ես ներառվել եմ Լ-ում, մտնում եմ նույն հին բանի մեջ: Երբ նոր էի գնացել այնտեղ, այնքան ուրախ էի, որ վերջապես գտել եմ մի դպրոցական վայր, որտեղ չեն հավատում գնահատակններին, և այլն:

Սա իսկապես ճիշտ էր, մինչև որ նոր ավագ դպրոցը սկսվեց: Նրանք այս բանն անում են հիմա էլ կրեդիտներով: Բոլոր մյուս աշակերտներն այստեղ են (ավագ դպրոցում) դիպլոմը ստանալու և դուրս գալու համար: Ես այստեղ եմ հաճելի ուսումնառություն ունենալու և ինձ հետաքրքրող բաների մասին իմանալու համար: Իմ այստեղ լինելու գլխավոր պատճառներից մեկը հանրային կյանքն է: Բայց դրա համար այնտեղ լինելու համար, կարծում եմ, պիտի անեմ իրենց պահանջած որոշ բաներ:

Ես արդեն գերհագենում եմ «նրանց նյութերով», իսկ իմ ուսուցիչն ինձ ասում է.
— Քո կյանքի դպրոցը չափազանց կարևոր է դառնում քեզ համար:
Իմ կյանքի դպրոցը պիտի շատ կարևոր լինի ինձ համար, իմ կյանքի դպրոցն իմ տունն է և ընտանիքը, և եթե դրանք չպիտի լինեն ամենակարևորը, ապա ի՞նչը պետք է լինի: Ես ունեմ նման կոնկրետ տուն և կյանքի դպրոց: Ինձ շատ բախտավոր եմ համարում, որ այն եմ, ինչ կամ, և ունեմ ծնողներ, որոնք հավատում են դպրոցից դուրս կրթությանը»:

Ջուդ Ջերոմը «Կյանքի դպրոցում» իր երկու երեխաների փորձի մասին է գրում. «Մի դուստրս տասներկու տարեկան էր, երբ մենք տեղափոխվեցինք ագարակ: Նա այդ տարի ավարտեց դպրոցը «ինքնուսուցմամբ»՝ ապրելով ագարակում, աշխատանքի ընթացքում դիմելով քաղաքի ուսուցիչներին: Բայց երբ աշունը եկավ, նա չցանկացավ ընդունվել: Օրենքի հետ խնդիր չունենալու համար նրան ընդունեցինք Վաշինգտոնի Սփոքեյնի «ազատ» դպրոց, որը տնօրինում էր իմ ընկերը, որը գրանցեց նրան մատյաններում, թեև դուստրս դեռ չէր տեսել այդ քաղաքն ու դպրոցը: Առաջին տարվա մեծ մասը նա անցկացրեց այստեղ՝ ագարակում՝ մեծահասակի պես փորելով, սովորելով փորձից, ինպես բոլորս:

Երբ նա դեռևս տասներեք տարեկան  էր, մեկնեցինք Հյուսիսային Վերմոնտ՝ շաքարի արտադրության հարցում օգնելու մեկ այլ համայնքի, և նրան շատ դուր եկավ այդ տեղանքը, որը շատ հասարակ էր. նա օգտվում էր ձիավարության սարքերից, այնպես որ խնդրեց, որ մնանք:

Սա համակողմանի հարմար համաձայնություն էր, և արդեն հինգ տարի է, ինչ նա ապրում է այստեղ, բացառությամբ մեկ տարվա, երբ տասնվեց տարեկան էր: Այդ տարի նա և իրենից տասը տարով մեծ մի երիտասարդ մեկնեցին Իսլանդիա՝ ձկան պահածոների գործարանում աշխատելու: Հաջորդ գարուն նրանք արշավի մեկնեցին Սկանդինավիա, բարձրացան Ալպերը, հետո ինքնաթիռով վերադարձան, մեկ տարի արտասահմանում անցկացնելուց հետո՝ երեք հազար դոլարով, ավելի շատ, քան ունեին, երբ  մեկնում էին:

Անցյալ տարի նա ցանկացավ դիմել կառավարական մասնագիտական  ծրագրի, որի համար ավագ դպրոցի դիպլոմ էր հարկավոր, այսպիսով մի երկու ամիս հաճախեց մեծահասակների ուսումնական դասարան, հանձնեց թեսթը, բարձր միավորներով անցավ (և տարբեր քոլեջների կողմից կրթաթոշակների առաջարկ ստացավ): Նա ավարտեց ավելի շուտ, քան նրա դասընկերները, որոնք մնացին դպրոցում:

Կարծում եմ՝ նրա դեպքը հատկապես դրամատիկորեն է ներկայացնում ժամանակի ծախսը դպրոցում:

Նա ոչ մի դեպքում ուսումնատենչ տեսակ չէ, երբևէ իրեն չի ներկայացնի իբրև մտավորական, միշտ ավելի հետաքրքրված է եղել կով կթելով ու բանջարեղեն աճեցնելով, ձիերի երամակներ վարելով, քան գրքերով, և տասներեքից տասնութ տարեկանում իրեն հարմար ձևով կանացիություն ու մեծ շարք հմտություններ ձեռք բերել, ուներ մեծահասակների աշխարհում մեծ փորձ, որը, սակայն, պիտի որակավորվեր բացառապես ակադեմիական ստանդարտներով:

Համեմատության համար ասեմ, որ նրա դասընկերները, որ մնացին դպրոցում, շատ դեպքերում տհաս են մտքով, էմոցիոնալ առումով՝ բարդույթներով, առանց իրենց կյանքի նշանակալի նպատակների կամ ուղղությունների կամ հիմնավոր արժեքների:

Վեց տարի այստեղ ապրելու ընթացքում դպրոցահասակ ուրիշ երեխա չենք ունեցել, բացի Տոֆերից, որն ապրում էր ագարակում: Թվում էր՝ նա շատ միայնակ էր մեծանում, և երբեմն այցելող հարազատներն ու ընկերները լրջորեն ակնարկում էին, որ պետք է ինչ-որ բան անենք նրա դպրոցի առումով: Մենք բացատրում էինք, որ նա «դասեր» է անցնում, բայց ինքներս շատ թերահավատ էինք դրանց նկատմամբ:

Մենք բազմազան գրքեր ու ուսումնական նյութեր ունեինք ձեռքի տակ, և երբ նա խնդրում էր, որ աշխատենք իր հետ, անում էինք դա, և երբեմն ինքներս նախաձեռնում՝ քաջալերելով նրան աշխատելու ընթերցանության, մաթեմատիկայի կամ այլ ակադեմիական առարկայի վրա:  Թեև նա հիմնականում սովորում էր շրջապատի մեծահասակներից՝ օգնելով, հարցեր տալով և ներառվելով: Ութ տարեկանում նա հաց ու թխվածքաբլիթ էր թխում, մեքենա նորոգում, լամպերի, նաև սենյակների էլեկտրական հոսանքը մոնտաժում և ուներ զգալի գիտելիք հաշվիչների, մագնիտոֆոնների ու տեսաձայնագրիչների, ինչպես նաև գյուղատնտեսական ամենօրյա գործերի, ինչպիսիք են այգեգործությունը, կենդանիների խնամքը, անտառն ու վայրի կյանքը, քարերը (երկրաբանության և էլեկտրոնիկայի բնագավառների վերաբերյալ նա միշտ ուժգին հետաքրքրություն ուներ), եղանակի և բոլոր կարգի մեքենաների համար: Նա մեզ շատ էր օգնում մեր փոքրիկ գործարանում, որտեղ կաղնու գերաններից պլանտատորներ էին պատրաստվում»:

Երեխաները շատ բան են կարողանում սովորել այն «անհաջող» փորձերից, որոնցից այնքա՜ն ջանում ենք պաշտպանել իրենց: Մայրը, որը գրում էր իր երեխաների հետ բազմոցին սովորելու մասին (որտեղ ինքը կարողանում էր գրկել նրանց, հենց որ ուզում էր) նույնպես գրում էր. «Մենք մի երկար փորձություն անցանք, որը մեզ տարբեր կարգի «հասարակական» փորձառություն տվեց: Մեր տնային կրթության  հաստատումից անմիջապես հետո իմ հորը ծանր կաթված խփեց, երբ նա բավականին կազդուրվեց, բուժման նպատակով նրան խնամքի տուն տարան։ Քանի որ տղաներն ու ես ազատ էինք, ամեն օր գնում էինք նրան այցելության: (Սրա համար դպրոցից թույլտվություն խնդրելու կարիք չկար): Բայց իմ հայրը շատ ընկճված էր, և թերապևտն իր գրանցումներում նշել էր «չհամագործակցող»:

Սա մեզ անհանգստացնում էր, և ամեն օր գնում էինք՝ համոզվելու, որ խաչ չեն քաշել հորս վրա:

Դա լավ փորձառություն էր ինչպես տղաների, այնպես էլ ինձ համար, քանի որ հենց որ թոռները գալիս էին, հայրս աշխուժանում էր: Նա ծիծաղում էր նրանց հնաոճ իրերի վրա և հետո, երբ նրանք հեռանում էին, նորից ընկղմվում իր ընկճախտի մեջ: Ուստի մենք պայմանավորվեցինք խնամքի տուն գալ մեր գրքերով (արդեն սեպտեմբերն էր) ու օրվա մեծ մասը մնալ պապիկի հետ: Լավ ստացվեց, որովհետև տղաներն աշխատելու ընդարձակ տեղ ունեին և կարող էին գնալ դուրս՝ խաղալու, հենց որ հոգնում էին ներսում մնալուց:

Նրանք գնում էին վաճառքի ավտոմատների մոտ և բաներ բերում մեզ համար, և շատ անգամ, երբ գրիպի պատճառով տանը պակասում էին աշխատող ձեռքերը, մենք լվացք էինք տեսակավորում, և տղաներն օգնում էին այն սենյակներ տանել: Մենք դա անում էինք որպես խաղ, և հիվանդներին դուր էր գալիս, երբ տղաները մտնում էին իրենց սենյակներ ու զրուցում իրենց հետ:

Թերապիայի համար մենք անընդհատ հավաստիացնում էինք իմ հորը, որ տուն կտանենք նրան, հենց որ կարողանա լավ քայլել, այսպիսով նա իրոք ջանք էր թափում, և տղաներն ու ես, ինչպես նաև մյուս հիվանդները, խրախուսում էինք նրան՝ ասելով.
— Դու կարողանում ես, պապի՜կ: Կեցցե՜ս:
— Շատ լավ է, պապի՜կ:
Մյուս հիվանդներին դուր էր գալիս, որ ուրախացնում ենք իրենց, և երբ թերապևտը տեսավ սրա դրական արդյունքը, ուրախ էր, որ մենք այնտեղ ենք:

Մենք տեսանք, թե ինչպես շատ հիվանդներ կազդուրվում են շաբաթների ընթացքում, մինչդեռ թերապևտը կարծում էր, թե դա ամիսներ կտևի: Հուսով ենք, որ այս տարի նորից նման փորձություն չենք ունենա, բայց դա ցույց տվեց մեզ, որ կարող ենք «տխուր» իրավիճակը փոխարկել ուրախի:

Կառավարելով ժամանակը

Վաշինգտոնի նահանգից մի մայրիկ գրում է գարֆիկից ազատ լինելու մասին. «Տարին սկսեցինք առանց կանխատեսումների կամ գործողությունների ծրագրի: Ես պարզապես պատկերացրել էի, թե կյանքն ինչպես կընթանա, և այդպես էլ եղավ:

Ամեն գիշեր գնում էինք քնելու, ամեն առավոտ արթնանում էինք, օրն անցնում էր, և անհրաժեշտ աշխատանքը՝ արվում: Գիտեմ, որ ապրում եմ առողջ միջավայրում և իբրև անձնավորություն՝ շարունակում եմ աճել, և հավատում եմ, որ նույնը վերաբերում է նաև իմ երեխաներին, թեև չեմ «կառավարում» նրանց «առաջընթացը», ինչպես նաև չեմ կարող պնդել որևէ շոշափելի «ձեռքբերման» ապացույց:

Ամսական մոտ տասն օր գնում եմ քաղաք՝ հրատարակչությունում աշխատելու: Ընդհանրապես շուտ արթնանալու և մեկ-երկու ժամ իմ օրը անելիքներիս և ցանկություններիս համապատասխան ծրագրելով անցկացնելու սովորություն ունեմ: Բայց իմ «աշխատանքային» օրերին դժվարությամբ եմ նման մտորումներ «անում»: Օրվա մի մեծ կտոր արդեն ինձ համար ծրագրված է լինում:

Եթե մի քանի օր անընդմեջ աշխատանքի եմ գնում, չորրորդ կամ հինգերորդ օրն իմ էությունից հեռանում եմ և  ավելի հեշտ եմ համաձայնում անել մի բան, որ այլ դեպքերում անխոհեմ կթվար ինձ: Ավելի քիչ եռանդ եմ ունենում թափոնների վերամշակման, վառելիքը պահեստավորելու, ամուսնուս և երեխաներիս ուշադրություն դարձնելու համար և այլն: Երբ հրաժարվում եմ իմ սեփական ժամանակը կառուցելու պատասխանատվությունից, մի որոշակի բարոյական ուժ, կարծես, նույնպես կորչում է: Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ աստիճանի անձնական օտարման ենք դրդում մեր երեխաներին՝ իրենց համար կառուցելով իրենց ժամանակը:

Սկսում եմ մտածել, որ մեծագույն վնասը այս կառույցի «ինչը» կամ «ինչպես»-ը չէ, այլ այն  փաստը, որ յոթ օրից հինգը, տասներկու ամսից ինը, այս օրերից հանված վեց ժամը մենք երեխաներին իրենց ժամանակի համար պատասխանատվությունից ենք օտարում: Գուցե նույնիսկ վճռորոշը ժամանակի ոչ թե տևողությունն է, այլ պարզապես ընդհատման փաստը:

Իմ սեփական փորձից գիտեմ, որ նույնիսկ փոքր ընդհատումը՝ ատամնաբույժի հետ պայմանավորվածության կամ հանդիպման կամ դասախոսության պատճառով, որ պիտի անես, կարող է կասեցնել իմ սեփական ստեղծական էներգիայի հոսքն ավելի երկար ժամանակով, քան ինքը ընդհատումն է: Հենց որ ես փոխվում եմ ակտիվից պասիվ, մասնակիցը կառուցում է իմ ժամանակը, որոշակի թմրեցում է տեղի ունենում, այնպես որ ավելի հեշտ է լինում պասիվ մնալը, «ժամանակ սպանելը», մինչև հաջորդ նշանակված գործունեություն, ասենք՝ ճաշկերույթ կամ այլ: Նկատել եմ, որ իսկական «ձանձրույթի» ժամանակամիջոցները, երբ երեխաները բողոքում են, թե անելու ոչինչ չունեն, այն օրերին են, երբ ժամանակի մի հատված ծրագրված է նրանց համար:

Իհարկե, միասին արվող բաները ծրագրելու մեջ ոչ մի սխալ բան չկա, բայց ես զգուշանում եմ շատ ծրագրելուց, և որոշակի օրը իր բնական տեղից հանելուց՝ «Ամեն երեքշաբթի մենք…»-ի օրինակով գալիք անանուն օրերի արհեստական նախագծումից:

Երբեք չեմ իմացել, թե ինչպես «խթանեմ» երեխաներին: Գիտեմ, որ իբրև ծնող, պիտի երեխաներիս մեծացնեմ «խրախուսական» միջավայրում, այնպես, որ նրանք «չձանձրանան», բայց ի՞նչն է ավելի խթանող, խաղալիքներով, գործիքներով ու հարմարանքներով լի սենյակը, պայծառ գույները և փայլփլող էմալապատ իրերը, թե՞ նոսր կահավորված, ձեռքով պատրաստված փայտե տնակը՝ մի երկու մանրակրկիտ ընտրված կամ պատրաստված խաղալիքով՝ հարուստ նշանակությամբ, արդիական, խնամված, մոտիկ բնության տարրերին: Միակ աշխարհը, որ հնարավոր ամբողջական կարող եմ ցույց տալ նրանց, իմ աշխարհն է: Հավանաբար հենց այս պատճառով դաշտային ճամփորդություններն այդքան հիասթափեցնող էին մեզ համար:

Մենք նախատեսեցինք աշնանը՝ որպես «հատուկ ինչ-որ բան», այսպես ասած «ուսումնական դաշտային ճամփորդություն», շաբաթը մեկ անգամ: Մոտ մեկ ամիս անց բոլորս մոռացանք այս ճամփորդությունների մասին: Դրանք լավն էին, անշուշտ հետաքրքիր, բայց կարծես բոլորս հիվանդացանք կեղծավորությամբ: Բոլորը գիտեին, որ քաղաք՝ դեպի ակվարիում, արշավելու միակ պատճառն այն էր, որովհետև մայրիկը կարծում էր՝ դա «լավ փարձառություն է»: Շատ ավելի շարունակական հետաքրքրություն և գուցե ավելի մեծ կրթական նշանակություն, իսկական իմաստով, հանձնարարություններով ունեն ամենշաբաթյա ուղևորությունները քաղաք՝ բանկ (որտեղ բոլորը հաշիվ ունեն և ազատ են դեպոզիտ անելու և գումար հանելու, ինչպես որ անում ենք), փոստ, մթերային խանութ,  լվացքատուն, աղբի վերամշակման կենտրոն (երեխաների համար ծնողներից առանձին եկամտի աղբյուր), դեղատուն և ծաղրանկարների գրքերի դարակաշարեր, երեկոները՝ գրադարան և լողավազան: Սրանք իրական են, բաներ, որ կանեի, եթե նույնիսկ ոչ ոք չմիանար ինձ, որ պարզապես կարևոր գործեր են բոլորիս համար: Երբ փորձում եմ «խթանել նրանց հետաքրքրությունը» ինչ-որ բանի նկատմամբ, ջանքի արհեստականությունը (և կոպտությունը, իսկապես, ես նույնիսկ փորձ չեմ կարող անել) խոչընդոտ է ստեղծում մեր միջև: Բայց երբ միասին անում ենք մի բան, որ ինքս էլ եմ սիրում անել իրենց հետ, որովհետև ես սիրում եմ նաև իրենց, բոլոր խոչընդոտները վերանում են, և մենք մտերմաբար հաղորդակցվում ենք: Երբ նրանք նույնպես հավանում են այն, ինչ ես սիրում եմ՝ երգ, բանաստեղծություն, սաղմոն, որը վերադառնում է վտառ՝ ձվադրելու համար, ուրախությունը գերազանց է. մենք անկեղծ ենք շփվում:

Բայց մեր տարբերությունները նույնպես ճշմարիտ են: Մենք առանձին թելերով ու հյուսվածքներով կապված ենք, բայց առանձին ամբողջականություններ ենք։ Այսինքն՝ ես ամեն օր անումեմ իմ գործը, գործ, որն իմաստալից է ինձ համար, և առաջարկում եմ դա նրանց սովորեցնել՝ եփել, կարել, փայտ կտրել,  ջուր կրել, տան գործ անել, գրել, կարդալ, երգել, նավարկել լճի վրա, փորել այգում: Երբեմն նրանք հետաքրքրվում են, երբեմն՝ ոչ: Բայց եթե ես փորձեի «խթանել» նրանց՝ քաղցրացնելով տարբեր հանձնարարություններս, տարբեր հմտություններից խաղեր ստեղծելով, քարոզելով, սովորեցնելով իմը իրենց, նրանք չէին ունենա այդ ժամանակը, ժամանակի հիանալի դատարկ տարածքները, որտեղ կարողանայում էին խորը նայել իրենք իրենց մեջ, թե իրենց մասին որն է ճշմարիտը: Եվ ոչ էլ ես կունենայի:

Ո՞վ կարող է բացատրել՝ որն է ստեղծականության քիմիան: Ես կարող եմ նստել լավ լուսավորված սենյակում՝ գրասեղանի մոտ, առջևս՝ թուղթ ու գրամեքենա, թեման՝ գլխումս, պարզ, իսկ իմ ջանքերի արդյունքը սոսկ միջակություն լինի: Բայց երբ ես իմ սեփական ընտրության տարածքում եմ, տարածք, որտեղ երևակայության, պատկերների, հիշողության և էմոցիայի և հավանաբար այլ, ավելի խորը բաների շերտերը աննկարագրելի էությանը համընկնում են, ես ունակ եմ ստեղծելու անսահման գոհացնող մի աշխատանք:

Երբեմն, երբ ես գրում եմ, հայտնվում եմ անտառներում աննպատակ թափառելիս կամ պարապ-սարապ նստած կամրջին՝ ոտքերս կախած և ոսպնյակներս ուղղած դանդաղ սահող ջրին: Բայց ամբողջ ժամանակ իմ ուղեղն աշխատում է՝ դողալով ինքնաբուխ մտքի լարումից, մինչև ես երկարուձիգ արտահայտություն եմ գտնում այդ անձև էության համար: Իմանալով այս ամենն իմ մասին, ինչպե՞ս կարող եմ համարձակվել միջամտել, կողպել իմ երեխաներին ստերիլ սենյակներում, պարապ պահերից հեռու պահել նրանց»:

Շատ ծնողներ են գրել մեզ տնային կրթության և առանց գրաֆիկի աշխատանքի ուղեկից ազատագրման զգացումների մասին:

Գոլ Մայլզն ու իր ընատանիքը տեղափոխվեցին մի կղզի՝ երեխաներին տանը կրթելու. «1977թ-ի օգոստոսին ես իմ երեք տղաների հետ տեղափոխվեցի Մեյնի ափամերձ մեզ պատկանող կղզին: Այս որոշման  հիմքում ընկած էր ամուսնուս և իմ կարծիքը, որ նրանք հանրակրթական կամ մասնավոր դպրոցներում չեն սովորում: Քանի որ մենք հանում էինք նրանց Ն. Հ.-ից, դպրոցական շրջանի հետ քաշքշուկ չունեցանք: Ես մի քանի տարի կամավոր եմ աշխատել Ռայի դպրոցներում և տեղեկացրի մեր ծրագրերի մասին ուսուցիչներին ու տնօրեններին: Շատ ուսուցիչներ համաձայնեցին, որ դա լավ միտք է: Երբեք չէի սպասում, որ այս փորձը տղաների կողմից բարձր գնահատանքի կարժանանա: Պատկերացնում էի, թե ինչպես երեսուն տարեկանում, մի քանի գործընկերոջ հետ նախաճաշելիս կհիշեն այս օրը: Բայց չէի նախատեսել, որ տարբերությունն այդքան շուտ կզգան:

Նրանք սովորում էին կակղամորթեր հավաքել Մեյնի կակղամորթ հավաքողների հետ՝ աշխարհի աղը, որ քառասուն աստիճան սառնամանիքի պայմաններում ապրում էին այնպիսի իրավիճակներ, երբ ամեն ոք յուրաքանչյուրի կյանքի համար պատասխանատվություն էր կրում, նրանք սիրեցին և հասկացան օպերան, որովհետև այն հեռարձակվում էր «Տեքսակո»-ով, մի հետաքրքրություն, որ մինչ այս մեզնից ոչ ոք չի ունեցել, նրանք սովորեցին, որ անսպասելի ծնված ութ լակոտներից հինգը պիտի սատկի սնունդը չբավականացնելու պատճառով և, հավանաբար, ամենալավ բանը, որ սովորեցին, իրենք իրենց և միմյանց հետ մտերմանալն էր: Նրանք պետք է դա անեին, քանզի ուրիշ ոչ ոք չկար, և եթե մեկից մի բան ես ուզում, պիտի տաս ի պատասխան: Սա կփոխարինի «հասարակական կյանք» կոչվող այս աղբին: Զգալ քո արժեքը մեծահասակների աշխարհում, աշխատավոր մարդկանց հետ կողք կողքի, կա՞ ավելի մեծ պարգև: Չեմ կարծում:

Նրանք նույնիսկ արցունք թափեցին այս փոքրիկ ափամերձ համայնքից հեռանալիս, որը նրանք ճանաչում էին իբրև «փոքրիկ քաղաք»:

Իմ վարձատրությունը խելքից դուրս էր: Դեղին հրեշը չէր, որ ամեն առավոտ տանում էր իմ սիրելի ընկերներին. երբ նրանք  նոր բառ էին բացահայտում բառարանում, ես օգտագործում էի դա համապատասխանաբար ամենօրյա դիպվածներում, եթե մենք ուզում էինք սովորել մոլեկուլային տեսությունը, աշխատում էինք առավոտյան 9-ից մինչև 16:00. այն ամենը, ինչ պետք է բացահայտեին, համաձայն Քալվերտի ուսումնական ծրագրի, սովորում էինք բոլորս. երեկոներն անցկացնում էին իրենց պատրաստած օպերաները բեմադրելով,  հայրիկի ուշադրությանն էին ներկայացնում շոուներ, որոնց պատրաստումը, երբեմն երեք օր էր տևում: Մենք կարդում էինք գրքեր, գրքեր ու էլի գրքեր՝ մինչև գիշերվա ժամը 1-ը, և ոչ մի հրեշ չէր ստիպելու առավոտյան 6:30 արթանանալ:

Հավելյալ պարգև էր պատմության, գրականության, դիցաբանության և ճարտարապետության արդյունքը, որ մենք բացահայտում էինք. ապրիլին մենք գնացինք Աթենք, Հունաստան՝ մի ճամփորդություն, որով մենք երբեք հետքրքրված չէինք լինի, կամ որի կարիքը չէինք զգա, եթե «դռները» բաց չլինեին մեր առջև: Բադը շատ հավանեց Պարթենոնը, և նա պետք է տեսներ այն: Թիմը քայլող հանրագիտարան էր դիցաբանությունից և Ջեքին ու ինձ տարավ Հնագիտական թանգարան, իսկ Մայքը մեր պատմության ուղեկցորդն էր, մենք նույնիսկ հունական սպասարկման կարիքը չունեինք:

Մայքը նաև տաղանդավոր գրող է, և նրա գրած Քալվերթի ավարատական շարադրությունը կարդալուց հետո ուսուցչուհին ասաց, որ կուզեր ինքնաթիռով գալ նրա հետ հանդիպման, ասաց, որ նա գիտե, թե ինչի մասին է ողջ գրվածքը, ուսուցչուհին ուզում էր թռչել Տրոյա և Հունաստան, քանի որ նրա թեման Տրոյական պատերազմն էր:

Նա կարողացել էր այնպես անել, որ ուսուցչուհին զգա:

Ինձ դուր է գալիս Քալվերթի համակարգը: Նրանց գրողները գերազանց են և իսկապես խոսում են երեխաների հետ:

Դա անձնական հարաբերություն էր. նրանք անհամբեր սպասում էին, որ մեկը գրի իրենց: Նամակները սակավաթիվ էին, և նրանք սովորել էին գրավոր խոսքի արժեքը: Բայց պետք է ասեմ, որ մենք կիրառում ենք ուսումնական ծրագիրը ըստ մեր կարիքների և հետաքրքրությունների և օգտագործում ենք միայն գնահատականները, որպեսզի հանրակրթական դպրոց վերադառնալիս տղաներին չմերժեն: Սա ամբողջությամբ նրանց ընտրությունն էր. մենք քաջալերել ենք նրանց իրենց ապագայի հարցում ինքնուրույն քաղաքականություն վարել: Հանրակրթական դպրոցների վերաբերյալ ամենատհաճ միտքն այն է, որ որ ողջ օրն իմ երեխաները պիտի այնտեղ լինեն, երբ ես պիտի սնեմ նրանց, հագցնեմ, բժշկեմ, վճարեմ նրանց տրանսպորտի համար, հոգամ նրանց մասին, և այդ ժամերին զրկված լինեմ նրանց հետ, նրանց ուսումնական փորձառություններին հաղորդակից լինելուց: Ես չեմ կարող ամրացնել նրանց գիտելիքը, եթե զրկվա ծ եմ նրանց տրված առարկան բացահայտելու հնարավորությունից և թողնված եմ միայն վատ տրամադրություն ունեցող հոգնած երեխաների հետ, որոնք ուտում են, տնային աշխատանք են անում և նետվում են անկողին:

Թարգմանություն անգլերենից

 

Թողնել մեկնաբանություն