Միշտ չէ, որ մարդ մտածում է, թե ինչ է իրեն պետք, և ինչն է պակասում իր կյանքում։ Քո կյանքի, ինքնակենսագրականի մասին սկսում ես մտածել այն ժամանակ, երբ որևէ բաց ես զգում, այնպիսի բաց, որը պետք է լցնի քո կյանքը: Ու այդ ժամանակ գալիս է օգնության քո կյանքի պատմությունը, սկսում ես վերապրել կյանքդ` սկսած ծննդյանդ օրից: Այդպես եղավ ինձ հետ վերջին ամիսներին։ Ես Մարի Միքայելյանն եմ՝ ծնված Նոր Խարբերդ գյուղում: Այժմ չեմ ապրում գյուղում, բայց իմ ապագայի տունը տեսնում են այնտեղ և կարծում եմ` շատ չի ուշանա: Լինելով տան երրորդ աղջիկը` փոքրը , ունեի արտոնյալ լինելու բոլոր առավելությունները: Մեծացել եմ հրաշալի գյուղական միջավայրում, վայելել եմ մանկությունս, սովորել եմ Նոր Խարբերդի միջնակարգ դպրոցում և տեղի երաժշտական դպրոցում: Ինչպես բոլոր ընտանիքներում՝ եկավ մասնագիտական ընտրություն անելու ժամանակը։ Ես ցանկանում էի դառնալ ոստիկան, բայց դարձա արվեստաբան: Արվեստաբան միայն դիպլոմով. որովհետև մասնագիտությունս ընտրել էին ծնողներս: Ես որոշեցի, որ ես, որպես ծնող, այլ կլինեմ այդ հարցում։ Աղջիկս դեռ չծնված՝ գիտեինք , որ նա սեբաստացի է։ Սկզբում աղջիկս, հետո էլ ես դարձա սեբաստացի մինչև 2019 թ։
Դժվարություններ եղան 2019-ի նոյեմբեր ամսին, առողջական խնդիրների պատճառով թողեցի կրթահամալիրը։ Կարևոր դադար, դադար, որն ինձ լցրեց։ Ինձ մոտ եղավ ներքին խորը ինքնաճանաչում, ինչի արդյունքում հասկացա, թե ինչը ինձ չի հերիքում։ Աշխատանքային դադարի ընթացքում, երբ տանն էի, ես հասկացա և համապատասխան մասնագետների շնորհիվ լցրեցի այն պակասը, որն ինձ պետք էր։ Ես շարունակեցի զբաղվել մանկավարժությամբ՝ այս անգամ ինքնակրթությամբ։ Դպիրն իմ ընթերցանության մասն էր ապահովում, կապը իմ գործընկերների հետ, կրթահամալիրի առօրյան, իսկ համացանցում հայտնված տարատեսակ սեմինարները՝ մանկավարժական նոր գործիքների, դպրոցների ճանաչողությունը։
Վերադառնալու փորձս եղավ կրթահամալիրային վերապատրաստումը համաճարակի օրերին, դիմեցի, անցա քառօրյա վերապատրաստում և հիմա գործում եմ որպես կամավոր։
Կյանքումս բացակայող ստեղծական ռիթմը լցվեց, և շնորհակալ եմ այդ առիթի համար, ինչ ընթացք էլ որ այն ստանա։ Կազմեցի իմ՝ կամավորիս նախագիծը և անցա դպրոց առ դպրոց… պատմել եմ ամեն օրը։
Միջավայրը, որ կա, արդեն իսկ մեծ հնարավորությունների լաբորատորիա է, որքան էլ որ կաշկանդող լինի համաճարակի առկայությունը։Դա էլ է դառնում այս պարագայում 5 տարեկանների համար ինքնասապարկման, անվտանգության համար ուսանելի նյութ, պաշար։ Գործեցինք, ճանաչեցինք իրար կարգի, նախագծի համաձայն։
Հիմա, հաջորդիվ պիտի ասեմ, որ ամառն իր բոլոր դրսևորումներով կդառնա ինձ համար նախագծային։ Առցանց հանդիպումներով, ֆիզիկական միջավայրի ողջ ներուժով կլինի ստեղծական հարթակ։