Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր հացի փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել: