Կամավորական աշխատանք 08․06․2020 — 11․06․2020

Միշտ չէ, որ մարդ գիտի թե ի՞նչ է իրեն պետք և ի՞նչն է պակասում իր կյանքում։ Այդպես եղավ ինձ հետ։ Ես ունեցա օբյեկտիվ դժվարություններ 2019-ի նոյեմբեր ամսին, առողջական խնդիրների պատճառով թողեցի կրթահամալիրը։ Բարդ փուլ էր, զերծ մնամ մանրամասնություններից, բայց դադար առա։ Կարևոր դադար, խորը դադար․․․դադար, որը ինձ լցրեց։ Ինձ մոտ եղավ ներքին խորը ինքնաճանաչում՝ ինչի արդյունքում հասկացա, թե ի՞նչը ինձ չի հերիքում։ Աշխատանքային դադարի ընթացքում, երբ տանն էի,  ես հասկացա և համապատասխան մասնագետների շնորհիվ լցրեցի այն պակասը, որն ինձ պետք էր։ Ես շարունակեցի զբաղվել մանկավարժությամբ, այս անգամ ինքնակրթության միջոցով։ Դպիրն իմ ընթերցանության մասն էր ապահովում, կապը իմ գործընկերների հետ, կրթահամալիրի առօրյան, իսկ համացանցում հայտնված տարատեսակ սեմինարները՝ մանկավարժական նոր գործիքների, դպրոցների ճանաչողությունը։

Վերադառնալու փորձս եղավ կրթահամալիրային վերապատրաստումը համաճարակի օրերին, դիմեցի, անցա քառօրյա վերապատրաստում և  հիմա գործում եմ որպես կամավոր։

Կյանքումս բացակայող ստեղծական ռիթմը լցվեց, և շնորհակալ եմ այդ առիթի համար, ինչ ընթացք էլ, որ այն ստանա։ Կազմեցի իմ՝ կամավորիս նախագիծը և անցա դպրոց առ դպրոց՝ պատմել եմ ամեն օրը։

Միջավայրը, որ կա, դա արդեն իսկ մեծ հնարավորությունների լաբորատորիա է, որքան էլ, որ կաշկանդող լինի համաճարակի առկայությունը։ Դա էլ է դառնում այս պարագայում 5 տարեկանների համար ինքնասապարկման, անվտանգության համար ուսանելի նյութ, պաշար։ Գործեցինք, ճանաչեցինք իրար կարգի, նախագծի համաձայն։

Հիմա, հաջորդիվ պիտի ասեմ, որ ամառը իր բոլոր դրսևորումներով կդառնա ինձ համար նախագծային։ Առցանց հանդիպումներով, ֆիզիկական միջավայրի ողջ ներուժով կլինի ստեղծական հարթակ։

Հունիսի 8 — 12-ը 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրում կամավորական աշխատանքի շրջանակներում իրականացրել եմ հետևյալ գործունեությունը։

Ես եմ․․․

Ռիթմի թատրոն

Այլընտրանքային տեխնոլոգիա

Բացօթյա քնի ծես

Ազգային խաղեր

Ամառային գունեղ աղցան

Այլընտրանքային ջրային նվագարան

 

Հունիսի 8 — Հյուսիսային դպրոց

Հունիսի 9 — Քոլեջ

Հսւնիսի 10 — Հարավային դպրոց

Հունիսի 11 — Արևելյան դպրոց

 

 

Ռիթմի թատրոն

Կամավորական աշխատանք կրթահամալիրում

Teams հարթակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Հյուսիսային դպրոցի 5 տարեկանների հետ այսօր իրականացրել ենք համագործակցային աշխատանք՝ ստեղծելով ընտանեկան ռիթմիկ նվագախումբ։ Սաները օգտագործել էին թե՛ իրենց խաղալիքները, թե՛ ամենատարբեր կենցաղային, խոհանոցային իրեր։ Շաբաթվա ընթացքում կներկայացնեմ սաների ընտանեկան երաժշտական փաթեթը։

Տեսադասի հղումը՝ տե՛ս այստեղ

Խորհրդատու ուսուցիչ՝ Հասմիկ Մաթևոսյան

Ներկայացնում են Սոֆի և  Հռիփսիմե Արսենյանները։
«Ուժեղ»  նվագախումբ

 

Ներկայացնում են Մարիան և հայրիկը։

«Երգող»  նվագախումբ 

 

Ներկայացնում են Զառան և մայրիկը։

«Խելագար ռնգեղջյուր»  նվագախումբ

 

 

 

Այլընտրանքային տեխնոլոգիա

Առցանց դաս — Teams   հարթակ

Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոցի 6 տարեկաններ

Դասվար՝ Լիլիա Զախարյան

Կամավորական աշխատանքի շրջանակներում այսօր Արևելյան դպրոցի 6 տարեկանների հետ հանդիպեցինք առցանց՝ Teams հարթակում:

Քանի որ 6 տարեկաններն ավարտել են բառուսուցման ծրագիրը, իրականցրեցինք այլընտրանքային տեխնոլոգիական աշխատանք՝ սաները խմորից և պլաստիլինից ծեփեցին իրենց անունները: Սաներն աշխատելու ընթացքում ներկայացրեցին իրենք իրենց, իրենց անվան պատմությունները, սաներից մեկն էլ՝ Մարիան, խոստովանեց, որ չէր մտածել այդ ուղղությամբ, հենց այսօր ծնողներից հարց ու փորձ կանի:)

Տեսադասի հղումը՝ տե՛ս այստեղ

Բացօթյա քնի ծես

Կամավորական աշխատանք կրթահամալիրում

Արևելյան դպրոց․ օր չորրորդ

Անչափ հետաքրքիր ծես է քնի պատրաստությունը։ Պառկում են սպունգներին  և երկար սպասում, որ աչիկներն իրենք իրենց փակվեն։  Մի քանիսը հետաքրքիր մեթոդ ունեն քնի համար՝ մատներով խաղում են մազերի հետ , փորիկը կամ ոտքերն են շոյում , ուզում են, որ իրենց թաթիկը բռնեն։ Սա՝  խմբասենյակում: Այ, երբ սաները քնում են բակում, ուսումնասիրելու բան շատ կա: Շուրջը կանաչ, ծաղիկներ, ծառեր, դե արի ու քնի: Իհարկե, սկսվում է բլբլոցը: Բայց, ազատ, անպատ , մաքուր օդում,  երբ լսվում է օրորոցային երաժշտության առաջին հնչյուները, վերջ, աչուկները փակվում են, ու խաղաղ քունը պատրաստ է: