Կամավորական աշխատանք․ օր առաջին
Հյուսիային դպրոցի նախակրթարան՝ 2 — 5 տարեկանների խումբ
Դաստիարակ՝ Արմինե Եղիազարյան, Մարիա Մկրտչյան
Կամավորական աշխատանքի շրջանակներում այսօր պետք է նախագիծ իրականացնեի Հյուսիսային դպրոցի 2 — 5 տարեկանների խմբում։ Աննկարագրելի սպասում, այսքան մեծ դադադրից հետո՜։ Այն էլ ինչ նախագիծ՝ լողափնյա, մարզական։ Չնայած չկար ամռան շոգից միշտ մեզ փրկող լողավազանը, բայց դե, սեբաստացին միշտ էլ գտնում է այլընտրանքային տարբերակներ։
Այն հավես աղմուկը չկար դպրոցում, ե՞րբ էր ամռանն այսպիսի լռություն եղել կրթահամալիրում… երբե՛ք։
Ջերմաչափում արեցին և գրանցեցին թե՛ Հյուսիսային դպրոցի, թե՛ խմբասենյակի մուտքի մոտ։ Նախակրթարանի սաներն արդեն ինձ էին սպասում. ընկեր Արմինեն և ընկեր Մարիան տեղեկացրել էին , որ հավես խաղեր ենք խաղալու միասին։ Ինքնուրույն հանվեցին, հագան լողազգեստը, վերցրեցին ջրով լցված դույլերն, ու դուրս եկանք բակ։ Բացի լողափնյա մարզումներից ու փրփրաջրային խաղերից, ստեղծեցինք այլընտրանքային՝ ռիթմիկ կաթ — կթոցներով ու չլմփոցներով նվագարան և սկսեցինք նվագել։ Սկսվեց իսկական ջրային իրարանցումը։