Իմ նախորդ՝ «Բլոգային, նախագծային ուսուցում. ընդհանուր դիտարկումներ» հոդվածում սովորողների նախասիրությամբ նախագծերը դիտարկվել էին լրացուցիչ կրթության տեսանկյունից: Նման նախագծերը կարող են կարևոր խթան դառնալ կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման շաբաթների, նախագծային ուսուցման ստուգատեսների, ուսումնական ճամբարների և արձակուրդների ընթացքում՝ ապահովելով ուսումնական գործունեության շարունակականությունը:
Հեռավար-առցանց ընտանեկան դպրոցից հետո, կարծում եմ, կլինեն ուսուցման գործիքներ և ծրագրեր, որոնք ուղղակի խոտանելու կարիք կլինի, որովհետև այս պայմաններում մենք ուսումնական գործունեության կազմակերպման համար պարզ և հետաքրքիր տարբերակներ գտանք։
Ողջույն: Ես Մանուշակ Աբրահամյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես դասվար, ղեկավարում եմ Հյուսիսային դպրոց-պարտեզի 3-1 դասարանը։ Ինչպես գիտեք, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեղինակային մանկավարժություն ստեղծող, իրականացնող և տարածող կրթական հաստատություն է։ Այստեղ գործող այլընտրանքային մանկավարժական սկզբունքները հնարավորություն են տալիս կրթական ծրագրերը կազմակերպելու ոչ միայն ֆիզիկական միջավայրում, այլև վիրտուալ՝ գործունեության կազմակերպումն այդկերպ հարմարացնելով յուրաքանչյուր սովորողի անհատական նախասիրություններին։ Հեղինակային մանկավարժության կարևոր սկզբունքներից մեկը երեխայի անձի զարգացումն է։ Երեխան ինքն է կառուցում իր անձը, իսկ մենք՝ ուսուցիչներս, օգնում ենք նրանց՝ ստեղծելով նպաստավոր միջավայր, հնարավորություններ յուրաքանչյուրի ազատ արտահայտման համար։